Ապագայի Ապագա / The Future of Future / Geleceğin Geleceği

Բաց մրցույթ. ԱԱ / FF / GG

ԱԱ / FF / GG-ն հետազոտական-ստեղծագործական նախագիծ է, որն իրականացվում է «Անադոլու Քուլթուր»-ի կողմից՝ համադրողներ Ռուբեն Արևշատյանի, Քևսեր Գյուլերի, Արմեն Եսայանցի և Մարինա Փափազյանի հետ համագործակցությամբ։

Նախագծի նպատակն է ի մի բերել արտիստական տարբեր հայացքներ, որոնք բացահայտում են Հայաստանում և Թուրքիայում առկա իրավիճակների, դիրքորոշումների ու ինքնությունների բազմազանությունն ու փոփոխականությունը։ Մենք փնտրում ենք երկու երկրների արվեստային և հասարակական համատեքստերի ուսումնասիրմանը ներգրավվելու ցանկությամբ համակված մասնակիցների, որոնք անդրդառնալով երկու երկրների մեծ լարվածությամբ գերհագեցած պատմությանը, զուգահեռաբար ձգտում են ընդհանուր ապագայի։

Երկու երկրների արվեստագետները այսօր առերեսվում են հարացուցային փոփոխությունների հետ, երբ աշխարհը անցնում է աննախադեպ ձևափոխումների միջով , և ապրում են «պատմության» ականատեսները լինելու կամ էլ «համաշխարհային պատմական իրադարձության մասը դառնալու» սոսկալի զգացողությամբ, որը կարծես մի սովորական դադար է մեր առօրյայում։ Մինչդեռ մեզանից շատերը քաջ ծանոթ են ինչ ասել է դադար, որի, երևի թե, լավագույն վկայությունը հենց փակ սահմաններն են, որ երկուստեք հատում են պատմական, մշակութային և հոգեբանական տարածքները, այդուհանդերձ դեռ կա հնարավորություն երևակայելու ապագաներ, ընդգրկելով մեր ընդհանուր անցյալն ու գալիքը տեսնելու հնարավոր այլ ուղիներ։

Արդյոք կարո՞ղ ենք մենք սահմանել մի ընդհանուր քննադատական դիսկուրս, որը մեզ հնարավորություն կտա գեներացնելու՝ այսօր գերակայող, փոխադարձ բացառման տեսլականներից անդին «գալիքներ»։ Որո՞նք են արվեստային պրակտիկաների այն ձևերն ու մարտավարությունները, որ կսահմանեն այդ «գալիքները»․ վերականգնող, սադրիչ, առանցքազուրկ կամ մեկ այլ։ Ինչպիսի՞ ապագաներ կարելի է կազմակերպել՝ հիմք ընդունելով արդեն իսկ գոյություն ունեցող հավաքական/համայնքային պրակտիկաները, գիտելիքի և փորձի փոխանակման փորձառությունները։ Ինչպե՞ս մենք այսօր կարող ենք խոսել ապագայի (ապագաների) մասին ՝ բաց լինելու, բազմակարծության կամ բազմազանության տեսանկյունից։ Ինչպե՞ս կարելի է թարմացնել «ապագայի» վերաբերյալ գոյություն ունեցող հայեցակարգերը, որոնք պատմության բազմաթիվ հանգույցներում օգտագործվել են տարբեր նպատակների հասնելու համար՝ քայքայելով իրենց ներուժը։

Ապագայի՞ ապագա, անհա՞ս ապագա, ա՞յլ ապագա, ազատագրո՞ղ ապագա։ Նախագծի վերնագիրը ծնվել է հայերեն, անգլերեն և թուրքերեն լեզուներով՝ ապագան բնութագրող բազմապիսի շերտերի վերաբերյալ մեր քննարկումների արդյունքում։ ԱԱ / FF / GG-ն հրավիրում է այս շերտերը միասին լրացնելու և բացահայտելու։

ԱԱ / FF / GG նախագիծը միտված է արվեստագետներին առաջարկել հարթակ, որտեղ ձևավորվող ապագայի պատկերացումների մասին մոտեցումները վերաբերում են, սակայն չեն սահմանափակվում այնպիսի դիսկուրսներով, ինչպիսիք են օրինակ՝ միասնականությունը, բաժանումը և սեգրեգացումը, հասարակական հարաբերություններն ու համերաշխության հին և նոր ձևերը, տարաբնույթ համայնքներ ստեղծելու պրակտիկաները, ինչպես նաև անցյալի, ներկայի ու ապագայի տեխնոլոգիաները։ Այս նախագծի շրջանակներում մենք ձգտում ենք այնպիսի հարթակ ստեղծել, որը կարտացոլի ու կմարմնավորի միասին լինելու ուղիներ։ Խնդիր, որը կարծես երբեք այդքան ընդգրկուն և անհերքելիորեն հրատապ չի եղել՝ որքան այսօր։

ԱԱ / FF / GG նախագիծը, որ ձևավորվելու է երկխոսությունների, հետազոտական և ստեղծագործական գործընթացների միջոցով, նախատեսում է տարբեր ձևաչափերով հանդիպումներ, վորքշոփեր, հանրային ծրագրեր և ցուցադրություններ Երևանում, Ստամբուլում և որևէ եվրոպական երկրում; ինչպես նաև առցանց հարթակում նյութերի ներկայացում և հրատարակություն նախագծի ավարտին։


Դիմելու կարգը․

ԱԱ / FF / GG նախագծին կարող են դիմել արվեստագետներ Հայաստանից ու Թուրքիայից, որոնք այժմ բնակվում են երկու երկրներից որևէ մեկում, կամ էլ Եվրոպայում։

Մասնակիցների ընտրությունը կախված է իրենց նախագծի առաջարկից և նախկին ստեղծագործական գործունեությունից․ ակնկալվում է նաև արվեստագետների ներգրավումը նախագծում ոչ միայն աշխատանքի (աշխատանքների) ցուցադրությամբ, այլև հանդիպումներին և միջոցառումներին մասնակցությամբ։ Հայտ ներկայացնելու հրավերը բաց է բոլորի համար։ Առավել ողջունելի է մայրաքաղաքներից դուրս բնակվող, ինչպես նաև իրենց ստեղծագործական ուղու սկզբում գտնվող արվեստագետների մասնակցությունը։

Նախագծին դիմելու համար պետք է լրացնել առցանց հայտադիմումը, որի մեջ ներառված է․

• Դիմողի մասին տեղեկություն։

• Նախագծի առաջարկ (PDF կամ Microsoft Word ձևաչափով, որը, հնարավորության դեպքում, կարող է ներառել էսքիզներ կամ որոշ նկարներ)։

• Պորտֆոլիո (PDF ֆորմատով, 25MB առավելագույն ծավալով)։ Պորտֆոլիոն պետք է ներառի նախկինում ստեղծված ամենաքիչը 3 աշխատանք․ դա կարող է լինել նկարների, տեքստերի, մուլտիմեդիա (վիդեո, ձայն և այլն) ստեղծագործությունների հղումների տեսքով, կամ մի քանի ձևաչափերի համադրությամբ։

• Յուրաքանչյուր ֆայլի անվանում պետք է ներառի դիմողի ազգանունն ու անունը։

Դիմումների վերջնաժամկետ՝ 2020 թվականի հուլիսի 31-ը։


Գործընթացի մանրամասներ․

Դիմումներն ընդունվում են հայերեն, թուրքերեն և անգլերեն լեզուներով։ Մասնակիցների ընտրությունը կատարելու է նախագծի համադրողներից և համակարգող թիմից կազմված հանձնաժողովը։ Ընդհանուր առմամբ ընտրվելու է 14 մասնակից՝ երկու երկրների միջև հավասարակշռությունը պահպանելու սկզբունքով։ Մասնակիցների ցանկը կհրապարակվի «Անադոլու Քուլթուր»-ի կայքում, սեպտեմբերի սկզբին, և ընտրված արվեստագետների հետ կապ կհաստատվի։

Ընտրված մասնակիցների հետ՝ 2020 թվականի սեպտեմբերին ներկայացնելուց հետո, վորքշոփեր և հանդիպումներ կկազմակերպվեն 2020-ի աշնանն ու ձմռանը։ Այդ միջոցառումների ընթացքում համապատասխան լեզվով թարգմանություն կապահովվի։ Հանդիպումներին ու վորքշոփերին մասնակցության ծախսերը կհոգա նախագիծը։ Ակնկալվում է մասնակիցների այցելություն մեկ տեղական հանդիպման և երկու միջազգային վորքշոփի՝ Հայաստանում և Թուրքիայում։ Ծրագիրն ու ցուցադրությունները կձևավորվեն մասնակիցների ներգրավման և միմյանց հետ փոխգործակցության արդյունքում, որի համար հիմք կծառայեն հանդիպումներն ու վորքշոփերը։ Այս ողջ գործընթացի և հետազոտական-ստեղծագործական փուլերի ժամանակ մասնակիցներին կաջակցեն համադրողներն ու նախագծի համակարգող թիմը։ Նախագիծը նաև ֆինանսական աջակցություն կցուցաբերի նոր աշխատանքների ստեղծման ծախսերը հոգալու համար։ Ծրագրի առավել մանրամասն ժամանակացույցը կհարապարկվի սեպտեմբերին՝ հաշվի առնելով միջազգային ճանապարհորդությունների սահմանափակումներն ու հանրային առողջության հարցը։

Հարցերի դեպքում կարող եք կապվել Քուբիլայ Օզմենի (նախագծի համակարգող) հետ հետևյալ էլ․ հասցեով՝ [email protected]

 

Նախագծին աջակցում է Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւնը։